Չկա գոնե մեկ միջազգային փաստաթուղթ կամ հասարկական կազմակերպության զեկույց, որը թույլ կտա կողք կողքի դնել, կամ նույնիսկ համեմատել ժողովրդավարության մակարդակը Հայաստանում ու Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաների արձագանքը` Սերժ Սարգսյանի հայտարարությանը` հարեւան երկրում ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների իրավիճակի մասին:

«Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները Ադրբեջանի կողքով են անցել եւ այդ երկիր չեն մտել, քանի որ այնտեղ մարդկանց «պերսոնա նոն գրատա» են հայտարարում Ղարաբաղ այցելողներին»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի արտահայտություններին, որ իբր Հայաստանի խորհրդարանում 1999-ին գնդակահարվել են ընդդիմադիր պատգամավորները, Գագիկ Մելիքյանը նկատել է. «Մարդը որքան պետք է անհեռատես լինի եւ խեղաթյուրի փաստերը, որպեսզի հայտարարի, թե Հայաստանի խորհրդարանում սպանված վարչապետը, ԱԺ նախագահն ու նրա տեղակալները ընդդիմադիրներ էին»: