Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը երկուշաբթի հայտարարել է, որ մարտի 20-ից Բուլղարիան նախատեսում է վերացնել ռեստորաններ, առեւտրի կենտրոններ եւ այլ հասարակական վայրեր մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ի պարտադիր «կանաչ արտոնագրերը», հայտնում է Reuters-ը:
Թվային կամ թղթե արտոնագրի տեսքով բժշկական անցաթուղթը, որը հավաստում է, որ անձը պատվաստվել է, նրա հանձնած թեստի արդյունքը բացասական է կամ անձը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսով վարակվելուց, որպես Բուլղարիայի փակ տարածքներ մուտք գործելու պահանջ էր ներկայացվել անցյալ տարվա հոկտեմբերին:
Դրա ներդրումը մի շարք բողոքի ցույցերի պատճառ դարձավ երկրում, որտեղ պատվաստումների ամենացածր ցուցանիշն է ԵՄ անդամ մյուս երկրների համեմատ: Չորեքշաբթի նոր զանգվածային բողոքի ակցիա է նախատեսված:





























