Շիրակի մարզում հեռարձակվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ շուրջ 3,5 տարի շարունակվող Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնած  դատական գործընթացը համապետական ընտրությունների նախաշեմին մոտենում է ավարտին:

ԴԱՀԿ-ից «ԳԱԼԱ»-ն նամակ է ստացել, որ Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայությունը Գյումրիի հին հեռուստաաշտարակից հեռուստատեսության հաղորդակն ու մալուխները ապամոնտաժելու մասին գործընթացն ընդունել է վարույթ: Այսինքն ամեն պահի կարող է հեռուստաընկերությունը եթերազրկվել:

Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ»-ի փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ.-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը թույլ է տվել, որպեսզի «ԳԱԼԱ»-ն իր հաղորդակները տեղադրի հիմնական հեռուստաաշտարակի 140 մետր նիշի վրա: «Եթե 3-3.5 տարի առաջ ընդհանրապես հրաժարվում էին տեղ հատկացնել` հեռուստաաշտարակի վրա տեղ չլինելու պատճառաբանությամբ, այսօր թույլ են տալիս, բայց 140 մետր նիշի վրա, ինչը նշանակում է, որ հեռուստաընկերությունը ձեռք է բերելու նոր սարաքավորումներ, քանի որ հին հեռուստաաշտարակի վրա «ԳԱԼԱ»-ի սարքավորումները ավելի ցածր են տեղադրված»,- NEWS.am-ի թղթակցին ասել է «ԳԱԼԱ»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:

Նրա հավաստմամբ, սա նշանակում է նոր ֆինանսների` մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի անհրաժեշտություն, որպեսզի սարքավորումները տեղափոխվեն մյուս հեռուստաաշտարակ:

«Ես սկզբում ասել էի 8 հազար դոլար, բայց հիմա, երբ արդեն գործընթացի մեջ ենք, հասկացա, որ մոտ 20 հազար դոլար է պետք: Գումարի հարցը խնդիր չէ, «ԳԱԼԱ»-ն այդ գումարն ունի, ուղղակի սա  նոր «ուլիկություն»է»-ասել է Վահան Խաչատրյանը: Նա  մտավախություն ունի նաեւ, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից հեռուստաաշտարակը զբաղեցնելու համար ամսական 200 հազար դրամ գումարը կրկնակի թանկ է համեմատած մյուս հեռուստաընկերությունների ամսական վճարումների:

Ներկայումս «ԳԱԼԱ»-ն նամակ է հղել Կապի եւ տրանսպորտի նախարարությանը կից «Հեռուստառադիոցանց» ՓԲԸ-ին` իմանալու համար, թե որքան են վճարում մյուս հեռուստաընկերությունները հեռուստաաշտարակում տարածք զբաղեցնելու համար:

Հարցին, թե ՀՀ վճռաբեկ դատարանի` «ԳԱԼԱ»-ի հայցը մերժելու գործընթացից հետո բացի ՀԿ-ներից ու լրատվամիջոցներից, ովքե՞ր եւ ի՞նչ քաղաքական ուժեր են արձագանքել կամ հետաքրքրվել գործընթացով, Վահան Խաչատրյանը պատասխանել է. «Միայն «Ժառանգությունն» է հետաքրքրվել, որն իր օգնությունն է առաջարկել, բայց մենք հրաժարվել ենք: Այս պահին էլ բանակցություններ ենք վարում, պատվիրում ենք մալուխներ եւ վերջնական ճշգրտում այն պայմանները, որոնցով տրամադրվելու է հեռուստաաշտարակը»:

Նա հատկանշական է համարել, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, եւ «ԳԱԼԱ » հեռուստաընկերությունը՝  ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի:

Նշենք, որ «Գալա TV»-ն Հայաստանում միակ հեռուստաընկերությունն էր, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքները, գործունեությունը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթի ցուցադրումից հետո «ԳԱԼԱ»-ում հետեւեցին հարկային ստուգումներ եւ իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «ԳԱԼԱ TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երեւույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝  ի պաշտպանություն «ԳԱԼԱ» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազար դրամը հեռուստաընկերությունը փոխանցեց իր հաշվից:

Հիշեցնենք, որ Գալա TV-ի լիցենզիան գործում է մինչեւ 2015 թվականը: