Մեծ Բրիտանիան Կրեմլի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո դիմել է ԶԼՄ-ների կարգավորող մարմնին՝ ռուսական RT լրատվական ալիքի հեռարձակման լիցենզիան վերանայելու հարցով, չորեքշաբթի ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters-ը։
Մշակույթի նախարար Նադին Դորիսը մտահոգություն է հայտնել ԶԼՄ-ները կարգավորող մարմնին, որ «RT-ն Մոսկվայի տեղեկատվական զինանոցի մի մասն է եւ կեղծ ապատեղեկատվություն կտարածի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ», ասվում է The Times-ի մոտ հայտնված նամակում։
Խորհրդարանում պատասխանելով հարցին՝ Ջոնսոնն ասել է, որ, իր կարծիքով, Դորիսը խնդրել է կարգավորող մարմնին, որը հայտնի է որպես Ofcom, վերանայել լիցենզիան, սակայն զգուշացրել է, որ նրան պետք է տարածք տրամադրվի՝ սեփական որոշումներ կայացնելու համար:
«Մենք ապրում ենք մի երկրում, որը հավատում է խոսքի ազատությանը,- ասել է Ջոնսոնը խորհրդարանում։- Եվ ես կարեւոր եմ համարում, որպեսզի մենք Ofcom-ին, ոչ թե քաղաքական գործիչներին թույլ տանք որոշել, թե որ լրատվամիջոցներն արգելել. Ռուսաստանը հենց այդպես է վարվում»:
Մեծ Բրիտանիայի այս մտադրության հետ կապված իր դիրքորոշումն է հայտնել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Եթե Բրիտանիան սպառնալիքներ կիրառի ռուսական ԶԼՄ-ների դեմ, պատասխան քայլերը չեն ուշանա։ Բրիտանացի լրագրողները կարող են հարցնել իրենց գերմանացի գործընկերներին, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ի դեպ, BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդը, ով մանրուն դրամ է դարձել ռուս լրագրողների դեմ բրիտանական կառավարության խաղերում, եւս կարող է շատ բան պատմել միջազգային հարաբերություններում համաչափության խնդրի մասին»,- գրել է նա իր Telegram-ում։




























