Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս հաճախ են հորդորում հասարակությանը ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, գնալ Լեռնային Ղարաբաղ, չգնալ արտերկիր, այլ փորձել նույն գումարը ծախսել Հայաստանում: Սակայն հայտնի է, որ մեր երկրում բարձր գների պատճառով ոչ բոլորը կարող են լիարժեք հանգիստ կազմակերպել: Երբեմն դա անմատչելի է անգամ որոշ պաշտոնյաների համար։
NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե որտեղ են պատրաստվում իրենց հանգիստն անցկացնել Շիրակի մարզի բնակիչները: Գյուղերի, մասնավորապես Հառիճ, Կառնուտ, Ողջի համայնքների բնակիչները հիմնականում նշում էին, որ առավել հավանական է, որ հանգստի չմեկնեն ոչ մի տեղ, որոշներն էլ նշել են, որ կհանգստանան Հայաստանի տարածքում։
Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից շատերն անկեղծացել են, որ վաղուց արտերկրում չեն հանգստացել: Ոմանք հիշում են, որ ասենք ծնողների հետ դպրոցական տարիքում են հասցրել վայելել ծովափնյա հանգիստ։
«Հիմա չենք կարող. դա շատ վաղուց էր, երբ ընտանիքով կարողանում էինք հանգստանալ Հունաստանի կամ Հունաստանի կամ Բուլղարիայի ափերին»,-ասել է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, խոստովանելով, որ հիմա անգամ Սեւանում է դժվարանում հանգստի մեկնել։
«Որքան էլ հորդորեն, արգելեն, թե հանգստացեք միայն Հայաստանում, պիտի ասեմ, որ դա հնարավոր չէ, շատ թանկ է: Այս անգամ արձակուրդայինս ստացա` 80 հազար դրամ էր, խորամանկել մի 2 ամիս էլ աշխատավարձս չէի վերցրել: Միանգամից վերցրեցի ու հազիվ 2 օր Սեւան գնացինք: Շատ թանկ է 200 հազար դրամ եւ ավելին ծախսել մեկ օրվա մեջ»,-ասել է Հասմիկ Կիրակոսյանը:
Շիրակի Մարզպետարանի աշխատակից Մարզպետունի Մարգարյանն էլ զբաղվելու է գյուղատնտեսությամբ եւ փորձելու է Ողջիի իր հողամասում անցկացնել ամառային հանգիստը: Հայաստանը չքնաղ է եւ հնարավորության դեպքում կհանգստանար միայն հայաստանյան հանգստյան գոտիներում, սակայն այդ հնարավորությունը չունի:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը դեռ չի որոշել ուր գնալ հանգստի: Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ապա քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանի վկայությամբ, Վ. Ղուկասյանը իր ամառային հանգիստն անցկացնելու է ՀՀ սահմաններում, ավելի կոնկրետ Գյումրիում ` «Արփաչայի» ափերին:




























