Ռուս գործարար Բորիս Բերեզովսկիի ամուսնալուծությունը, ով երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել, կարող է իր վրա արժենալ ավելի քան 100 մլն ֆունտ: Այս մասին հաղորդել է interfax.ru-ն` վկայակոչելով Daily Telegraph-ին:
Նրա կինը` Գալինա Բեշարովան, դիմել է Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարան` պահանջելով ամուսնալուծություն եւ ամուսնու ունեցվածքի մեկ քառորդը, որը գնահատվում է մեկ միլիարդ ֆունտ: Հայցադիմումի մեջ Գալինա Բեշարովան նշել է ամուսնու «ոչ խոհեմ վարքը» :
Բերեզովսկին համաձայնել է կնոջը վճարել նրա պահանջած գումարը, քանզի այդպես կկարողանա բարեկամաբար լուծել ամուսնալուծության հարցը: Օլիգարխը հրաժարվել է նշել գումարը, սակայն անգլիական լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը գնում է հարյուր միլիոն ֆունտի մասին:
Այս պատմության վերջակետ դնող հանդիպմանը ամուսինները չեն մասնակցել, սակայն մասնակցել են նրանց ներկայացուցիչները, այս մասին հաղորդել է izvestia.ru-ն: Ամուսինները հանդիպել են Մոսկվայում 1981թ, երբ 34-ամյա մաթեմատիկոսը ուներ այդ ժամանակի չափանիշներին համապատասխան վաստակ: Նրանք ամուսնացել են 10 տարի անց` 1991թ: Բացի այդ ամուսնությունից ունեցած 2 երեխաներից (մեկ տղա, մեկ աղջիկ), Բերեզովսկին երկու դուստր էլ նախորդ ամուսնությունից ունի:




























