Բելառուսում բացվել է 5510 տեղամաս հանրաքվեին մասնակցելու համար, այդ թվում՝ 217-ը առողջարաններում, պրոֆիլակտորիաներում, հանգստի տներում, հիվանդանոցներում եւ առողջապահության ոլորտի այլ կազմակերպություններում, որոնք մատուցում են բժշկական օգնություն ստացիոնար պայմաններում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Քվեարկության տեղամասերը բաց կլինեն մինչեւ 20:00:
Հանրաքվեն տեղի է ունենալու մեկ հարցի շուրջ. կո՞ղմ եք արդյոք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին եւ լրացումներին:
Հանրաքվեի մասնակիցները կարող են նշում կատարել երկու վանդակներից մեկում՝ «կողմ» կամ «դեմ»: Ընդ որում՝ վանդակներից մեկում կարելի է ցանկացած տեսքով նշում կատարել: Եթե նշում կատարվի երկու վանդակներում կամ չկատարվի ոչ մեկում, ապա այդ քվեաթերթիկը կհանարվի անվավեր:
Հանրաքվեն անցկացվում է համընդհանուր, ազատ, հավասար եւ գաղտնի քվեարկության միջոցով: Դրան մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները: Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից անձամբ է քվեարկելու:
Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե դրան մասնակցի քվեարկության ցուցակներում ներառված քաղաքացիների ավելի քան կեսը:





























