«Այն ճանապարհը, որը որդեգրել է իշխանությունը, բերում է ոչ միայն պետության եւ ժողովրդի կործանմանը, այլեւ հենց իշխանությանն է վնասում»,- այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ, մարդու իրավունքների նախկին պաշտպանը Լարիսա Ալավերդյանը։
Նրա կարծիքով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը չի բերի իշխանության կողմից ակնկալվող դրական արդյունքների: «Այդ արձանագրությունների մեջ նշված չէ առանց նախապայմանների նախադասությունը, բայց Հայաստանի կողմից ամենաշատը այդ նախադասությունն է օգտագործվում: Ինչ վերաբերում է սահմաններին, ապա երբեւիցէ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի առնչվել սահմանների ճանաչման հետ»,-ընդգծեց Լ. Ալավերդյանը:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ազդեցությանը ղարաբաղյան գործընթացի վրա՝ պատգամավորը հավաստիացրեց, որ ԼՂՀ-ի ճանաչումը միայն կպարզեցնի Հայաստանի դիրքորոշումը։ «Այն ինչ որ եղել է նախկինում, այսօր է իրականացվում։ Ղարաբաղի հարցի վերաբերյալ քաղաքականությունը չի փոխվել։ Այսօրվա գործող նախագահը նույնպես ասում է, որ այս գործընթացը սկսվել է վաղուց, ուղղակի փոփոխվում է իրավիճակը»,-պարզաբանեց նա, նշելով, որ այդ փոփոխությունը դրական չի ազդի Հայաստանի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի վրա։
Լ. Ալավերդյանը կոչ արեց ճանաչել ԼՂՀ-ն եւ այդ հարցում միասնական ճակատով հանդես գալ։ Վերջում, խոսելով «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միասնության մասին, նա հայտարարեց, որ նրանք միասնաբար հանդես են գալիս միայն այն ժամանակ, երբ համընկնում են նրանց կարծիքները։
«Մենք միասնական ենք հանդես գալիս, երբ համընկնում են մեր տեսակետները։ Սակայն, երբ „Ժառանգությունը“ պահանջեց նախագահի հրաժարականը „Դաշնակցությունը“, մեզ չմիացավ»,-ամփոփեց նա։




























