«Սիլվայի գործով» դատական նիստն սկսվեց ընդմիջմամբ։
Նիստն սկսելով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հիշեցրել է, որ անցած նիստի ժամանակ գնացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հայկ Ալումյանի ՍԴ դիմելու մասին միջնորդությունը քննարկելու եւ գործը դադարեցնելու համար։ Դատավորը փաստել է, որ գործը կարող է դադարեցվել բոլոր հնարավոր կատարողական գործողություններից, ավելի կոնկրետ՝ Արմեն Գեւորգյանի պաշտպանության արդեն ներկայացված միջնորդությունների դիտարկումից հետո։
Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը մարտի 1-4-ը մասնակցելու է ԱԺ լիագումար նիստերին եւ խնդրում է բացակայությունը հարգելի համարել։ Մարտի 14-15-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ արտահերթ նիստը Ուկրաինայի վերաբերյալ։ Այս առնչությամբ փաստաբանը խնդրել է նիստը նշանակելիս հաշվի առնել դա։ ԵԽԽՎ նիստը լինելու է հիբրիդային։
Մարտի 17-ին կայանալու է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը, 18-ին՝ աշխատանքային հանդիպումներ։ Այս առնչությամբ փաստաբանը նշել է, որ երկրից դուրս գալու մասին միջնորդությունը (դրա մասին դատավորը նշել էր նիստի սկզբում) ներկայացվել է դեռեւս փետրվարի 18-ին։ Երկրորդ նախագահի փաստաբանները միացել են նիստին։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասել է, որ իրեն պարզ չէ, թե ինչ կապ ունի այն, ինչն այժմ քննարկվում է, նրա հետ, թե ինչու է դատավորը գնացել խորհրդակցական սենյակ։ «Մեր տպավորությունն այնպիսին է, որ դուք արդեն որոշում կայացրել եք գործը դադարեցնելու մասին եւ պարզապես վերադարձել եք, որպեսզի լուծեք Գեւորգյանի մասնակցության հարցը»,- ասել է դատախազը՝ դեմ արտահայտվելով միջնորդությանը։ Դատախազ Պետրոսյանն առաջարկել է Գեւորգյանի բացակայությունը գնահատել որպես անհարգելի եւ անհնար է համարել փաստաբան Սահակյանի միջնորդության դիտարկումը՝ Գեւորգյանի բացակայությամբ։
Փաստաբան Սահակյանը հիշեցրել է, որ դատարանը կարող է միջնորդությունը քննարկել նաեւ նիստից դուրս։
Դատավորը որոշում է կայացրել, որ Արմեն Գեւորգյանի բացակայությամբ անհնար է քննարկել միջնորդությունը, քանի որ մի շարք հանգամանքներ կարող են պարզվել նրա անմիջական մասնակցությամբ։ Այս առնչությամբ Դանիբեկյանը մեկ ժամով ընդմիջում է հայտարարել՝ պարզելու համար, թե երբ կարող է գալ Գեւորգյանը։





























