ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 3-ից 8-ը կայցելի Բելգիա, Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա:

Ուղեւորությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ եվրոպացի գործընկերների հետ լայնածավալ խորհրդակցությունների եւ համակարգման շարունակությունն է՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող գործողությունների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։  

Բլինքենը կսկսի իր շրջագայությունը Բրյուսելից, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, կհանդիպի ԵՄ գործընկերների հետ, կմասնակցի G7 նախարարների հանդիպմանը եւ լրացուցիչ հանդիպումներ կունենա գործընկերների հետ՝ քննարկելու ռուսական ներխուժմանը գլոբալ պատասխանը:

Այնուհետեւ պետքարտուղարը մարտի 5-ին կմեկնի Լեհաստան, որտեղ կհանդիպի Լեհաստանի ղեկավարների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի հետ՝ քննարկելու անվտանգության հետագա աջակցությունը:

Ապա պետքարտուղարը կմեկնի Քիշնեւ՝ հանդիպելու նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Նատալյա Գավրիլիցեի եւ արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուի հետ:

Մարտի 6-ին Բլինքենը կմեկնի Վիլնյուս՝ հանդիպելու նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի եւ արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Մարտի 7-ին պետքարտուղարը կմեկնի Ռիգա, որտեղ կհանդիպի նախագահ Էգիլս Լեւիտսի, վարչապետ Քրիշյանիս Կարինշի եւ արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի հետ, իսկ մարտի 8-ին՝ Տալլին։