Մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական. այդպես չի լինում: Այս մասին հուլիսի 23-ին Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուսանողներից մեկի հարցին, թե ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը եւ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, եւ նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, եւ եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են եւ, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական»:




























