Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը Իսրայելն անվանել է «պոտենցիալ դաշնակից» եւ ասել, որ ցանկանում է հարաբերությունները «կարգավորել» Իրանի հետ։
«Ինչ վերաբերում է մեզ, մենք հույս ունենք, որ հակամարտությունն իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ կլուծվի»,- ասել է արքայազնը The Atlantic-ի հարցազրույցում՝ համաձայն սաուդյան մամուլի գործակալության հրապարակած սղագրության։
«Մենք Իսրայելը թշնամի չենք համարում, մենք նրան համարում ենք պոտենցիալ դաշնակից... Բայց մենք, մինչ դրան հասնելը, պետք է լուծենք որոշ հարցեր»։
Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ, բայց 2020թ. Պարսից ծոցի գծով դաշնակիցներ Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարգավորել են հարաբերությունները հրեական պետության հետ։
Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Իսրայելի երդվյալ թշնամու՝ Իրանի հետ բարելավման նշաններ են ցուցաբերել Իրաքի կազմակերպած բանակցությունների մի քանի փուլերից հետո։
«Նրանք (իրանցիները) հարեւաններ են։ Մենք չենք կարող խուսափել նրանցից, եւ նրանք էլ չեն կարող խուսափել մեզանից»,- ասել է արքայազնը Իրանի մասին։ «Ուստի մենք ավելի լավ է ինքներս գտնենք գոյակցության ձեւեր։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հասնել մի վիճակի, որը լավ կլինի երկու երկրների համար եւ ավելի լուսավոր ապագա կստեղծի այդ երկրի եւ Իրանի համար»,- ավելացրել է նա։





























