Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ իրեն չի հուզում, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է հասկացել իր գործողությունները:

2021 թվականի հունվարին Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Սաուդյան Արաբիայի՝ նավթի աշխարհի խոշորագույն արտահանողի, եւ Վաշինգտոնի երկարամյա ռազմավարական գործընկերությունը վտանգի տակ է հայտնվել՝ մարդու իրավունքների ոտնահարման պատճառով, հատկապես՝ Եմենի պատերազմի եւ 2018-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ կապված:

Արքայազն Մուհամեդը՝ Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչը, առանձին, բայց դրա հետ կապված հայտարարություններում ենթադրել է, որ Էր Ռիադը կարող է որոշել կրճատել ներդրումները Միացյալ Նահանգներում: Էր Ռիադի նպատակը, նրա խոսքով, Ամերիկայի հետ իր «երկար պատմական» հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումն է։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի ներդրումներն ԱՄՆ-ում 800 մլրդ դոլար է կազմել։ «Նույն կերպ, ինչպես մենք հնարավորություն ունենք մեծացնել մեր շահերը, այնպես էլ հնարավորություն ունենք նվազեցնել դրանք»,- մեջբերում է նրա խոսքերը SPA-ն։
«Ինձ չի հուզում»,- ասել է թագաժառանգը՝ ի պատասխան The Atlantic-ի այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Բայդենը սխալ է հասկացել իրեն որոշ հարցերում: Նա ասել է, որ Բայդենը պետք է «մտածի Ամերիկայի շահերի մասին»։ «Մենք իրավունք չունենք ձեզ դասախոսություններ կարդալ Ամերիկայում,- հավելել է նա:- Նույնը՝ մյուս կողմից»:

Բայդենի վարչակազմը հրապարակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, որը մեղադրում է թագաժառանգին Հաշոգիի սպանության մեջ եւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Թագաժառանգն The Atlantic-ին ասել է, որ կարծում է, որ իր սեփական իրավունքներն են խախտվել Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում սպանված Հաշոգիի դաժան սպանության եւ անդամահատման դեմ մեղադրանքների պատճառով: «Ես զգում եմ, որ մարդու իրավունքների մասին օրենքներն իմ նկատմամբ չեն կիրառվել... Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի XI հոդվածում ասվում է, որ ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ»,- ասել է նա:

Հարցին՝ արդյո՞ք Սաուդյան Արաբիայի իշխանությունը կարող է սահմանադրական միապետություն դառնալ, արքայազնը բացասական պատասխան է տվել: «Սաուդյան Արաբիան հիմնված է մաքուր միապետության վրա»,- ասել է նա: