Մինչ ԱՄՆ-ում թեժանում են կրքերը` դեֆոլտ հայտարարել-չհայտարարելու շուրջ, փորձենք պարզել, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ Հայաստանի վրա:
Նախ, եթե ԱՄՆ-ը դեֆոլտ հայտարարի, ապա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Չմոռանաք, որ ԱՄՆ կառավարության պարտքը գերազանցում է 14,3 տրլն դոլարը, իսկ դա բավական մեծ թիվ է: Ճգնաժամի ազդեցությունից Հայաստանին խուսափել, բնականաբար, չի հաջողի: Թեեւ Հայաստանի տնտեսությունը ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008-ին էր, սակայն միջազգային շուկայում, օրինակ, մետաղների գների անկումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մեզ համար, քանի որ արտահանման մեջ մետաղները դեռեւս մեծ կշիռ ունեն (արտահանման մոտ կեսը): Բացի այդ` Հայաստանը խնդիրներ կունենա միջազգային կառույցների հետ հարաբերություններում:
Երկրորդ, Ռուսաստանն ունի ԱՄՆ-ի պարտատոմսերի հսկայական քանակություն: Ըստ որոշ տվյալների` խոսք է գնում մոտ 200 մլրդ դոլարի մասին, որը երկրորդ ցուցանիշն է Չինաստանից հետո: Զրկվելով այդ գումարներից` Ռուսաստանն ինքը կհայտնվի ծանր իրադրության մեջ, հետեւաբար` կսահմանափակվեն Հայաստան մտնող տրանսֆերտները: Երկարաժամկետ կտրվածքով դա իհարկե դրական է, սակայն կարճաժամկետ կտրվածքով այն ֆինանսական անկայունություն կստեղծի ու կսրի սոցիալական իավիճակը: Քանի որ Հայաստանը նոր է մտնում վերականգնողական փուլ, նմանատիպ ցնցումը կարող է շատ ավելի ծանր հետեւանքներ թողնել, քան 2009-ի ճգնաժամի ժամանակ:
Եւ երրորդ, Հայաստանն ինքն ունի զգալի քանակությամբ օտարերկրյա արժեթղթեր: Հայտնի է`Հայաստանի Կենտրոնական բանկն իր միջազգային պահուստների մեծ մասը պահում է օտարերկրյա պարտատոմսերում: Ցավոք` ԿԲ-ն հրաժարվում է բացահայտել այդ պարտատոմսերի կառուցվածքը, վստահեցնելով, որ բացառապես վստահելի ու բարձր իրացվելի պարտատոմսեր է ձեռք բերել: Բայց աշխարհում ամենավստահելին ու իրացվելին հենց ամերիկյան պարտատոմսերն են: Հետեւաբար` չի բացառվում, որ Հայաստանը նաեւ ամերիկյան կառավարության պարտատոմսեր ունի:
Հավանականությունը, որ ԱՄՆ-ը դեֆոլտ կհայտարարի, մեծ չէ: ԱՄՆ-ի համար դա այնպիսի ծանր հետեւանքներ կունենա, որ հարյուրամյակ է հարկավոր դրա բացասական ազդեցությունները չեզոքացնելու համար: ԱՄՆ-ում դա շատ ավելի լավ են գիտակցում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, սակայն անկախ ամեն ինչից` Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձություններին նման ընթացքին: Բացի այդ` տեխնիկական դեֆոլտ հայտարարելու դեպքում հնարավոր է` շարունակվեն պարտատոմսերի գծով մարումները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ Նախագահ Բարակ Օբաման ու ԱՄՆ Կոնգրեսը եթե մինչեւ օգոստոսի 2-ը համաձայնության չգան պետական պարտքի վերին շեմի շուրջ, ապա կհայտարարվի տեխնիկական դեֆոլտ:
Սամվել Ավագյան




























