Մոսկվայում ձերբակալվել է 24-ամյա հայտնի գող Սերգեյ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սերյոժա Ասետրինա» մականունով: Ինչպես հաղորդել է PrimeCrime լրատվական գործակալությունը, ձերբակալությունն իրականացվել է հուլիսի 23-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Կենտրոնի եւ Հարավի դաշնային օկրուգների բաժանմունքների կողմից: Ըստ նախնական տվյալների` ձերբակալվածը մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմալուծելու մեջ:
Հիշեցնենք, որ նախկինում չդատված Սերգեյ Ասատրյանը, ով ազդեցիկ հայ «օրենքով գող» «Էդիկ Թբիլիսկիի» որդին է, «օրենքով գող» է կարգվել Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կողմից 2008թ. նոյեմբերին: Նախորդ տարվա օգոստոսի 5-ին կրտսեր Ասատրյանն առաջին անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր. անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Ուղիղ մեկ ամիս անց երիտասարդ գողականը ազատության մեջ էր, քանի որ քննության ժամանակ գործը լուծարվել էր:




























