Ներկայումս Հայաստանի դիրքերը տարածաշրջանում բավական ամրապնդվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայումս գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով. «Բացի այդ, մշտապես սպառնալիք ներկայացնող Ադրբեջանի ֆոնին Հայաստանը տարածաշրջանային միակ կայունացնող գործոնն է հանդիսանում
Նա ընդգծեց, որ Թուրքիայի՝ տարածաշրջանային գործընթացներին ինտեգրվելու միակ միջոցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, եւ Անկարան փորձում է մինչեւ 2015 թվականը Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը։ Միաժամանակ, փորձագետը նկատեց, որ հայ-թուրքական արձանագրություներն արդեն «թաղված են»։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության ճանաչման հարցին՝ Կիրակոսյանը նկատեց, որ դա Անկարայի կողմից բավարար չի լինի, եւ որ պետք է բարձրացնել մարդկության հանդեպ գործած այդ հանցանքի հետեւանքների հարցը։
Կիրակոսյանը պատմեց նաեւ հայ փորձագետների եւ գործարարների՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ օրերս կայացած հանդիպման մասին։ «Մենք Թուրքիայում սեմինարի էինք մասնակցում, երբ հայտնեցին, որ Դավութօղլուն մեզ հետ հանդիպելու ցանկություն ունի։ Հայաստանի արտաքին գերատեսչության թույլտվությամբ մենք համաձայնեցինք այդ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում մենք բարձրաձայնեցինք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցը՝ ընդգծելով, որ Երեւանը չի կարող հավերժ սպասել դրան։ Ներկայացրեցինք նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը։ Իհարկե, մեր դիտարկումները դուր չեկան Դավութօղլուին, սակայն նա մեծամասամբ լուռ էր»,- պատմեց Կիրակոսյանը։




























