Իսպանիայի տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իսպանական կողմից Համաձայնագիրը ստորագրել է Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։
Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենն ու ՀՀ գործերի հավատարմատարը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Երկու երկրների միջեւ կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջեւ, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում։
Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երեւան-Մադրիդ-Երեւան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։



























