Սիրիայի կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում հավանություն է տվել երկրում քաղաքական կուսակցություններ ստեղծել թույլատրող օրենքի նախագծին, հաղորդում է «Ասսոշիեյթեդ Փրեսը»: Ավելի վաղ Սիրիայի միակ թույլատրված քաղաքական ուժը նախագահ Բաշար Ասադի «Բաատ» կուսակցությունն էր:

Քաղաքական կուսակցությունների ստեղծումը թույլատրող օրենքի նախագիծն ընդունվել է նախագահ Ասադի խոստացած բարեփոխումների շրջանակներում, ով փորձում է հանդարտել վերջին չորս ամիսների ընթացքում երկրում տիրող անկարգություններն ու դժգոհությունները: Չնայած դրան, պարբերականի կարծիքով, դժգոհությունը երկրում մեծանում է, եւ դեռ վերջերս միայն քաղաքական փոփոխություններ պահանջող բողոքարկողներն արդեն սկսել են Սիրիայում ռեժիմի փոփոխություն պահանջել:

Խորհրդարանի հավանությունն ստանալուց հետո օրենքի նոր նախագիծը թույլ կտա ստեղծել ցանկացած քաղաքական կուսակցություն, որոնք հիմնված չեն կրոնական կամ ցեղային պատկանելիության կամ էթնիկ, սեռային եւ ռասայական խտրականության վրա:

Իշխող «Բաատ» կուսակցությունը, որն «ազատության, հավասարության եւ սոցիալիզմի» կոչ է անում, մի քանի տասնամյակ շարունակ երկրում պահպանում էր քաղաքական կյանքի մենաշնորհը: