Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան արժույթի դիրքերի թուլացումը: Այսօր` հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 365.13 դրամ` ուրբաթ օրվա համեմատ արժեզրկումը 0.23 տոկոս է:
Չի բացառվում, որ ՀՀ Կենտրոնական բանկն այսօր միջամտել է փոխարժեքին, քանի որ ռեկորդային մեծ ծավալով գործարքներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ վաճառվել է 14.9 մլն դոլար, որը հայկական չափանիշներով բավական մեծ թիվ է: Համեմատության համար նշենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ֆոնդային բորսայում գործարքների ողջ ծավալը 18.5 մլն դոլար էր: Ընդ որում` դրանից 6.9 մլն դոլարը բաժին է ընկնում ՀՀ կենտրոնական բանկին` ԿԲ-ն դոլար է գնել դրամի չափից ավելի ուժեղացումը կանխելու համար: Ընդհանուր առմամբ` ԿԲ միջամտություները բավականին ուշացած են, հարկավոր էր ավելի վաղ կանխել դրամի ուժեղացումը, որպեսզի ձնագնդի էֆեկտ չստեղծվի:
Մեկ ամսից ավելի է` դրամն ուժեղանում է ԿԲ պասիվ քաղաքականության ուղեկցությամբ, այնինչ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ խոստացել էր, որ թույլ չի տրվի դրամի «շատ ուժեղացում»: Սակայն դրամի արդեն ամսից ավելի տեւող արժեորումը որոշակի սպասումներ է ստեղծում, ինչը կարող է անկանխատեսելի դարձնել փոխարժեքի հետագա փոփոխությունները: Իրավիճակն ավելի է բարդանում այն բանի հետեւանքով, որ միջազգային շուկայում թուլանում են դոլարի դիրքերը` օգոստոսի 2-ին ԱՄՆ հնարավոր դեֆոլտի հայտարարության հետ կապված: Արդյունքում` հայ ներդրողների մոտ թուլանում է հետաքրքրությունը դոլարի նկատմամբ: Քանի որ Հայաստանում խնայողությունների մեծ մասը դոլարային են, ապա դոլարից փախուստը հղի է ֆինանսական իրավիճակի ապակայունացմամբ:
Ամենայն հավանականությամբ` մինչեւ օգոստոսի 2-ը Հայաստանի ֆինանսական շուկան կմնա անկայուն վիճակում, մինչեւ որ կհստակեցվի ամերիկյան դեֆոլտի հետ կապված հարցը: Իրավիճակը պահանջում է նաեւ ԿԲ-ի ավելի ակտիվ միջամտություն:
Սամվել Ավագյան



























