Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալն իրականությունը նորմալ չի ընկալում:
«Օրվա ընթացքում նա մի քանի անգամ կրկնել է, որ իրեն, հավանաբար, կգնդակահարեն: Նրա կարծիքով, այդպիսին էր դատարանի շենքի մոտ հավաքված մարդկանց տրամադրությունը»,- այդ մասին երկուշաբթի օրը նորվեգական պետական հեռուստատեսության եթերում ասել է փաստաբանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, Բրեյվիկի պատկերացումները նորվեգական բանտերի մասին նույնպես ավանդական չեն: Ըստ փաստաբանի, Բրեյվիկը համոզված էր, որ երկրի պատժիչ համակարգը նախկինի պես կիրառում է խոշտանգումներ: Փաստաբանը հաղորդել է, որ մոտ ժամանակում դատական փորձագետները կորոշեն, Բրեյվիկը մեղսունա՞կ է, թե` ոչ:
Մինչդեռ, նորվեգական ոստիկանությունը կրկնակի ահաբեկչության զոհերի մասին նոր տվյալներ է հրապարակել: Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը 76-է, այլ ոչ 93, ինչպես հաղորդել են ավելի վաղ:
Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Նորվեգիայում հուլիսի 22-ին: Սկզբում Օսլոյի կառավարական թաղամասում, որտեղ գտնվում է վարչապետի գրասենյակը, պայթել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան, իսկ մի քանի ժամ հետո, երկրի մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ուտեյա կղզում տեղակայված իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարում ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակահարել է դեռահասներին:
Ահաբեկիչը 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկն էր: Հուլիսի 25-ին Օսլոյում կայացել է դատարանի առաջին փակ նիստը: Բրեյվիկին մեղադրել են ահաբեկչության մեջ, սակայն նա հրաժարվել է իր կատարած գործողությունները հանցանք ճանաչել: Սակայն պայթյունի եւ գնդակոծության կազմակերպումը նա չի հերքել:
Նիստի ընթացքում Բրեյվիկն ասել է, որ «ուզում էր փրկել Նորվեգիան», ինչպես նաեւ պահպանել Եվրոպան «մահմեդական կլանումից»:
32-ամյա Բրեյվիկը մեկուսախուցում կգտնվի ամենաքիչը մինչև օգոստոսի 22-ը:




























