«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շուրջ 30 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը։  Թերթը հիշեցնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկին փոխարինեցին Եվգենի Բիբինով՝ խնդիր ունենալով որոշակիորեն մաքրել այս ոլորտը արատավոր երեւույթներից։

«Մեր տեղեկություններով, սակայն, Բիբինը ոչ թե «բարեփոխիչ» է, այլ պարզապես աշխատանքի այլ մեթոդներ ունի, որոնք ոչնչով չեն զիջում Գլադունչիկին։ Վերջինս նախ խնդիր է դրել ազատվել իր նախորդի կադրերից։ Մասնավորապես՝ օրերս նա աշխատանքից ազատել է Գլադունչիկի տեղակալին՝ Կարեն Դարբինյանին։ Նրա փոխարեն Բիբինը, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի լոբբինգով, իրեն տեղակալ է նշանակել Աշոտ Թոխունցին։ Թոխունցին ոլորտում բավականին լուրջ լիազորություններ են տրվել։

Օրինակ, նրա տիրապետության տակ է անցել նախկինում «անկախի» համարում ունեցող Էներգոչափ ընկերությունը։ Սա մի ընկերություն է, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն ուներ լաբորատոր փորձաքննության ենթարկել էլեկտրացանցերի տեղադրված հաշվիչները։ Հիմա ստացվում է, որ Թոխունցը եւ տեղադրում է այդ հաշվիչները, եւ ինքն էլ ստուգում է դրանք։ Այս կադրի լոբբինգը Արմեն Մովսիսյանի գործունեության միակ ծրագիրը չէ։ Նա նաեւ ակտիվորեն քարոզ է իրականացրել նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի համար»։