Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքել են թերթից՝ պարզաբանելով, որ շփոթմունքը տեղի է ունեցել լրագրողի անվանաքարտի պատճառով, որը տրվել էր տարիներ առաջ այլ առաջադրանքի կատարման համար:
«Մենք խորը ցավ ենք ապրում Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ: Բրենթը տաղանդավոր լուսանկարիչ եւ ռեժիսոր էր, որը երկար տարիների ընթացքում համագործակցել է The New York Times-ի հետ:
Չնայած նախկինում (վերջին անգամ 2015թ.) նա պատրաստում էր նյութեր The Times-ի համար՝ ներկայում նա Ուկրաինայում The Times-ի որեւէ բաժնի առաջադրանքները չէր կատարում:
Նրա՝ Times-ում աշխատելու մասին առաջին հաղորդագրությունները տարածվել էին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր Times լրատվականի անվանաքարտը, որը տրվել էր նրան տարիներ առաջ այլ առաջադրանք կատարելիս»,-ասվում է The New York Times-ի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են ամերիկյան եւ բրիտանական ԶԼՄ-ները (մասնավորապես՝ The Mirror-ը, Daily Mail-ն ու New York Post-ը)՝ հղում անելով Կիեւի մարզի ոստիկանությանը, 51-ամյա Ռենոն սպանվել է Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքում: Եւս մեկ լրագրող վիրավորվել է:
Daily Mail-ը հրապարակել է Ռենոյի անվանաքարտի լուսանկարը, որի պատճառով տարածվել էր հակասական տեղեկատվությունը:
Լրագրողներից մեկը Internazionale իտալական թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ռենոն ստացել է վիրավորում պարանոցի շրջանում, եւ նրան «ստիպված էին թողնել»:
Տեղի ունեցածի կապակցությամբ CBS News հեռուստաալիքին իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Եթե իրականում ամերիկացի լրագրող է սպանվել, ապա դա ցնցող եւ սարսափելի իրադարձություն է»,-ասել է նա:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի «համապատասխան հետեւանքներով», երբ Բայդենի վարչակազմը մահվան մասին ավելի շատ տեղեկատվություն ստանա:
«Ակնհայտ է, որ դա ցնցում է եւ սարսափեցնում, եւ ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ, մենք կխորհրդակցենք ուկրաինացիների հետ պարզելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել, այնուհետեւ կսահմանենք եւ կյանքի կկոչենք համապատասխան հետեւանքները»,-ասել է Սալիվանը «Face the Nation»-ին տված հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել են լրագրողի սպանության հետեւանքների մասին:
«Դա ռուսների կողմից լկտի ագրեսիայի անբաժանելի մասն է, երբ նրանք հարձակվում էին քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, սրբատեղիների եւ լրագրողների վրա»,-հավելել է նա:





























