Հանրային հեռուստատեսությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության հանդիպումների ուղիղ եթեր հեռարձակման ՀԱԿ պահանջը չի բավարարվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ իշխանությունը դեռեւս չի արձագանքել նաեւ Կոնգրեսի՝ ակցիաների մասին տեղեկացնող տեսահոլովակների ցուցադրության մասին պահանջին։ 

Իշխող կոալիցիայի պատվիրակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին նշեց, որ իշխանության՝ բանակցությունների ուղիղ եթերի հեռարձակումից հրաժարվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նման պրակտիկա գոյություն չունի, քանի որ ուղիղ եթերը միանգամից նվազեցնում է բանակցությունների արդյունավետությունը։

«Ինչ վերաբերում է իշխանության եւ ընդդիմության գործունեության հավասարաչափ լուսաբանմանը, ապա մեր կարծիքով դա արվում է։ Բանակցությունների առաջին փուլից անմիջապես հետո ՀԱԿ ներկայացուցիչները միանգամից հրավիրվեցին գրեթե բոլոր հեռուստաընկերություններ՝ մասնակցելու թոք-շոուների։ Մենք նույնիսկ առաջարկեցինք համապատասխան մոնիտորինգ անցկացնել, սակայն ՀԱԿ-ը հրաժարվեց։ Կոալիցիայի անունից խոստանում եմ, որ այսուհետեւ, եթե մեզ հրավիրեն մասնակցելու հաղորդումների, ապա մասնակցության պարտադիր պայման է լինելու ՀԱԿ ներկայացուցչի ներկայությունն այդտեղ»,- հայտարարեց Հարությունյանը՝ լրագրողներին կոչ անելով օբյեկտիվորեն լուսաբանել ընդդիմության գործունեությունը։