Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր: Թմրանյութը թաքցված է եղել գետնանուշի կարագով լի տարայի մեջ եւ փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով:
Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա: Հենց այդտեղ էլ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Նույն մաքսատանը եւ դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշեւի անվամբ Հոլանդիայից ներմուծված Opel Vekrta մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջեւի նստատեղի տակ:
Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց, Lorazepam 1 եւ Clorazepam-Sobham 2, TRAMADOL HYDROCHLORIDE 100mg, TRAMADOL HYDROCHLORIDE 200mg եւ TRAMADOL 100 տեսակի հաբեր:
210 հատ Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին: Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են նաեւ մաքսանենգ կարամելի եւ շոկոլադի ներմուծումը հանրապետություն: Մաքսանենգ ապրանքը Բավրայի մաքսակետով փորձել էր Հայաստան տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը վերջինս տեղավորել էր ավտոմեքենայի մեջ հատուկ հարմարեցված թաքստոցում:



























