Արեւմտյան Հայաստանում գտնվող Վարագավանքը շատ անմխիթար վիճակում է, ուղղակի փլվում է: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Արագած Ախոյանը, ով կազմակերպել եւ հովանավորել էր «Ակունք» անսամբլի մասնակցությունը Վանում հուլիսի 21-23-ը կազմակերպված մշակութային փառատոնին:
«Շատ անմխիթար վիճակում է, դիմացի մասը փուլ է եկել, մեկ-երկու տարվա կյանք ունի»,- ասաց նա, հավելելով, որ Վանի քուրդ քաղաքապետ Բեկի Կոյան խոստացել է տեղական իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո օգնել վերանորոգել Վարագա վանքը:
Քաղաքապետը Արագած Ախոյանին նաեւ խոստացել է, որ հաջորդ անգամ կշրջեն հայկական հուշարձաններով, կծանոթանան տիրող վիճակին, այնուհետեւ կփորձեն իրականացնել հուշարձանների հետ կապված առաջարկների գոնե ամենաքիչ մասը: Պատգամավորը նշեց, որ առայժմ նոր են վերադարձել Վանից, որոշ ժամանակ անց նորից կխոսեն քաղաքապետի հետ եւ կոնկրետ քայլերի կդիմեն:




























