Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցները Արմավիրի մարզի խանութներում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ աշխատանքային խումբն այսօր` հուլիսի 27-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին եւ օրենքի հնարավոր խախտումներին ընդհանրապես:

Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների եւ օրենքի տարբեր խախտումների հետ: 

Հանձնաժողովի փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առեւտրի կետերում ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման եւ արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, խանութներում վաճառվում էին մի շարք պարենային եւ սպառողական ապրանքներ, մասնավորապես սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն եւ այլն: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք բերեց վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

 Համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրողի կամ  ներկրողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության: