Արմավիր քաղաքի ավագանու անդամ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր` հուլիսի 27-ին փորձեց խոչընդոտել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ լրագրողների աշխատանքը: ՏՄՊՊՀ-ն հերթական հսկիչ գնումներն էր իրականացնում Արմավիրի մի շարք խոշոր առեւտրային օբյեկտներում, մասնավորապես` «Անահիտ» սուպերմարկետում, որն ըստ NEWS.am-ի տեղեկությունների` պատկանում է հենց Ռ. Մարտիրոսյանին:
Երբ Հանձնաժողովի աշխատակիցները հսկիչ գնումներն էին իրականացնում, իսկ լրագրողները հետեւում էին գործընթացին, հայտնվեց Ռ. Մարտիրոսյանը եւ բոլորից պահանջեց հեռանալ: «Ձեր ի՞նչ գործն է` ժամկետանց է, թե` չէ»,- գոռգոռում էր ավագանու անդամը, իսկ լրագրողներին դիմեց հետեւյալ նախադասությամբ. «Ի՞նչ ես անում արա, խի՞ ես նկարում»:
Նշենք, որ հսկիչ գնումների արդյունքում հայտնաբերվել էին խանութում վաճառվող բազմաթիվ ժամկետանց ապրանքներ` նրբերշիկ, հավ, թխվածքաբլիթներ:



























