Հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի նորակառույց քառահարկ շենքի բացման արարողությունը։ Վերակառուցված շինությունը գտնվում է Շեւչենկո 45 հասցեում եւ No 50 դպրոցի նախկին մասնաշենքն է։ Նշենք, որ ավելի վաղ ակադեմիայի տարածքը շատ փոքր էր եւ՝ պահանջները չբավարարող։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, արարողությունն իրենց ներկայությամբ պատվեցին երկրի եւ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ծանամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, հոգեւորականներ եւ այլոք։

Ակադեմիայի բակում տեղադրվել էին շախմատային տախտակներով սեղաններ, իսկ դրանց շուրջ նստած էին երիտասարդ շախմատիստները։ Նախագահն այլ հյուրերի հետ մոտեցավ երեխաներին եւ շփվեց նրանց հետ։ Դրանից հետո Լեւոն Արոնյանը կտրեց կարմիր ժապավենը, եւ բազաթիվ հյուրերը մտան ներս։

Առաջին հարկում հոգեւորականները աղոթք կարդացին, շենքի օծման արարողություն կատարվեց, ինչից հետո հյուրերը բարձրացան երրորդ հարկի դահլիճ, որտեղ պետք է կայանային մրցումները։

«Արդեն չորս տարի է, ինչ սկսվել է շենքի վերակառուցումը։ Ինչպես տեսնում եք, այն այսօր արդեն պատրաստ է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նշեմ, որ աշխատանքներն իրականացվել են կառավարության հատկացումներով։ Ապագայում ակադեմիա կարող են հաճախել 400 երեխաներ։ Ես հավատում եմ, որ այս ակադեմիան կդառնա մեր շախմատի զարգացման հիմքը, եւ այստեղից դուրս կգան մեծ թվով խելացի եւ տաղանդավոր շախմատիստներ։ Մեր ակադեմիան ընդլայնվել է եւ այժմ ունի 43 մասնաճյուղ ու շուրջ 1000 աշակերտ, այդ թվում Հայստանի շրջաններում։ Այնպես որ, այժմ հնարավորություն կա ամեն տեղից հավաքել տաղանդավոր երեխաներին եւ զբաղվել նրանցով։ Ուսուցումն այստեղ անվճար է եւ միշտ այդպես է եղել»,- ասել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գրոսմայստերների ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ երկրի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ակադեմիայի հիմնադիրներից մեկն է, Լպուտյանն ասել է. «Այո, հիմնադիրներից մեկը Անդրանիկ Մարգարյան է եղել, ում մենք շատ էինք սիրում եւ ում հետ դրել ենք ակադեմիայի հիմքերը, իսկ նրա մահից հետո գործը շարունակել ենք երկրի նախագահի հետ»։