Մանհեթենի շրջանային դատախազության  ներկայացուցիչները նորից հարցաքննության են ենթարկել ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին բռնաբարության մեջ մեղադրող «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհուն:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զրույցը տեւել է 8 ժամ եւ վերաբերել է հայցվոր Նաֆիսատու Դիալոյի եւ նրա դատապարտված  «մտերիմ ընկերոջ» զրույցին, որը տեղի է ունեցել ԱՄՀ նախկին ղեկավարի ձերբակալությունից հետո: Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ շատերին ստիպել էր մտածել, որ Դիալոն ձգտել է զրպարտել Սթրոս-Կանին` փորձելով նրանից շատ գումար կորզել:

Հայցվորի փաստաբանի խոսքով` դատախազությունը Դիալոյի ներկայությամբ նորից լսել է զրույցի ձայնագրությունը, որից հետո եկել է այն եզրակացության, որ Սթրոս-Կանի «հարստության եւ հզորության» մասին նա խոսել է միայն «այն համատեքստում, որ դարձել է ազդեցիկ անձի հարձակման զոհ»: Սակայն դատախազության ներկայացուցիչներն այդ հայտարարությունները չեն կիսում: «Գործով դատաքննությունը շարունակվում է: Մենք որեւէ մեկնաբանություն չենք տա»,-ասել են դատախազությունից: