Չինական յուանը կարող է վերածվել հեղինակավոր գլոբալ պահուստային արժույթի, բայց Պեկինը ստիպված կլինի խիստ թուլացնել տնտեսության վերահսկողությունը, գրել է Business Insider-ը։

Արեւմտյան պատժամիջոցները, որոնք սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների մեծ մասը, ընդգծել են դոլարի ուժը, ինչպես նաեւ դրանից ուժեղ կախվածության վտանգները։

«Չինական յուանի օգտագործումը անխուսափելիորեն կընդլայնվի եւ շատ ավելի մեծ դեր կխաղա աշխարհում»,- ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ֆինանսների եւ բիզնեսի էկոնոմիկայի պրոֆեսոր Բայչժու Չենը։ «Որոշ երկրներ կարծում են, թե իրենց տնտեսությունները կարող են դառնալ ԱՄՆ-ի քաղաքականության պատանդները, որովհետեւ դոլարը գերիշխում է, եւ երկրները ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ռիսկերը»։

Նա նշել է, որ կենտրոնական բանկերի ավելի քան 70 տոկոսն արդեն յուանի որոշ քանակություն է պահում՝ որպես պահուստային արժույթ, այն դեպքում, երբ աֆրիկյան շատ եւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ այն արդեն կանոնավորապես օգտագործում են իրենց գործարքներում։

Մյուս կենտրոնական բանկերը վերջին 20 տարում դիվերսիֆիկացրել են իրենց ակտիվները՝ կրճատելով համաշխարհային պահուստների դոլարի բաժինը, նշվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունում»

Վերջին շաբաթներին դոլարից հրաժարվելու ավելի շատ փորձեր են կատարվում։ Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը նախատեսում են յուանն օգտագործել նոր նավթային գործարքի ժամանակ։ Ռուսաստանը եւ Հնդկաստանը բանակցություններ են վարում ազգային արժույթներով առեւտրի մասին։ Մոսկվան Եվրոպայից պահանջել է ռուբլով վճարել բնական գազի դիմաց, անգամ կարող է բիթքոին օգտագործվել։

«Եթե դոլարը կորցնի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը, դա կբարձրացնի տնտեսության հանդեպ մեր պատմականորեն բարձր պարտքի տոկոսադրույքը»,- նախազգուշացրել է Սպիտակ տան Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Թոմաս Ֆիլիպսոնը։

Դա նշանակում է, որ ամերիկացի սպառողները եւ ձեռնարկությունները կբախվեն փոխառությունների գծով ավելի մեծ ծախսերի։ Ներմուծման գները նույնպես, հավանաբար, կբարձրանան։

Ներկա պահին ԱՄՆ դոլարը  կազմում է համաշխարհային պահուստների 60 տոկոսը, յուանը՝ 2,5։ Իսկ վճարումների ընդհանուր ծավալում դոլարին բաժին է ընկնում 40 տոկոսը, յուանին՝ մոտ 3, չնայած Չինաստանը աշխարհում երկրորդ տնետսությունն ունեցող երկիրն է, ասել է Ֆիլիպսոնը։

Այս վիճակը կարող է փոխվել, բայց ոչ առանց մասշտաբային բարեփոխումների։

Չինաստանը ստիպված կլինի բացել իր շուկան եւ թուլացնել պետական հսկողությունը, ասել է Չենը՝ նշելով, որ կոշտ վերահսկվող ոչ մի արժույթ պատմականորեն գերիշխող չի դարձել համաշխարհային պահուստներում։

Փոխառությունների շուկայում դա նշանակում է, որ Չինաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի, որպեսզի հասնի լիկվիդայնության եւ ԱՄՆ-ի փոխառությունների շուկայի արդյունավետության մակարդակին։ Դա նաեւ կպահանջի հանել տոկոսադրույքների սահմանափակումները, ասել է Չենը։

Նա նաեւ ավելացրել է, որ Չինաստանը պետք է ձեռնպահ մնա արժութային մանիպուլյացիաներից, ինչպիսին է յուանի արժեզրկումը արտահանման ավելացման նպատակով։ Դրան կնպաստի որոշումների ընդունման թափանցիկ գործընթաց ունեցող անկախ կենտրոնական բանկի առկայությունը։

Բացի այդ, յուանը պետք է դառնա նույնքան հուսալի, որքան դոլարը։ «Երկրները սովորաբար հավատում են, որ ԱՄՆ-ը հուսախաբ չի անի։ Բայց կարելի՞ է արդյոք յուանն ընկալել որպես խնայողության միջոց՝ անվտանգ ապաստարան անորոշության կամ պատերազմի ժամանակ։ Սա անհամեմատ ավելի բարդ հարց է»,- ասել է Չենը։

Նրա խոսքով՝  ավելի ուժեղ յուանը կունենա եւս մեկ առավելություն, քանի որ մի քանի գլոբալ պահուստային արժույթների առկայությունը կապահովի պաշտպանություն ցանկացած արժույթի տապալման դեպքում։ «Մտածեք տախտակը պահող գերանների մասին»,- ասել է նա։ «Որքան ավելի շատ լինեն պահող գերանները, այնքան ավելի կայուն կդառնա տախտակը»։