Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 28-ին որոշում ընդունեց ռուսական վարկի միջոցներից 7.5 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար) ուղղել գյուղատնտեսության վարկավորմանը:

Սակայն հարցի քննարկման ժամանակ տարաձայնություններ առաջացան վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ հարցը ներկայացնող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի միջեւ:

Ըստ Տ. Սարգսյանի` կառավարությունը պետք է շարունակի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորումը, այսինքն` իրականացնի տոկոսադրույքի սուբսիդավորում: Ըստ տարեսկզբից գործող ծրագրի` եթե բանկերը գյուղատնտեսական կազմակերպություններին տրամադրում են վարկեր 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ապա կառավարությունը սուբսիդավորում է այդ տոկոսադրույքի 4 տոկոսը (սահմանամեձ շրջաններում` 6 տոկոսը):

Սակայն գլխավոր գանձապետը առարկեց, նշելով, որ 7.5 մլրդ դրամը գյուղացիությանը տրամադրվում է ընդհանուր հիմունքներով` Կենտրոնական բանկի միջոցով կբաշխվի առեւտրային բանկերին, իսկ վերջիններս էլ` իրենց պայմաններով վարկը կհատկացնեն գյուղացիական տնտեսություններին:

Այս առարկությանը վարչապետը պատասխանեց, որ հարկավոր է պլանավորել լրացուցիչ գումարներ` սուբսիդավորման ծրագիրը վերսկսելու համար: