Պետական բյուջեի յուրաքանչյուր եկամտի գծով ունենք 100 տոկոսից ավելի կատարողական ցուցանիշ: Այդ մասին այսօր` հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Մասնավորապես` հարկերի հավաքագրման պլանը կիսամյակային կտրվածքով կատարվել է 100.03 տոկոսով, հավաքագրվել են 314.8 մլրդ դրամի հարկեր:
Սոցապ հատկացումների հավաքագրման ծրագիրը գերակատարվել է 1.44 տոկոսով` նախատեսված 60.1 մլրդ դրամի համեմատ հավաքագրվել է 60.8 մլրդ դրամ:
Այլ եկամուտների պլանը գերակատարվել է մոտ 20 տոկոսով` 9.6 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 11.7 մլրդ դրամ:
Ըստ Ա. Ջանջուղազյանի` հարկատեսակների գծով կիսամյակային առանձին պլաններ չեն կազմվում, ուստի հնարավոր չէ դրանց կիսամյակային կատարողականի տվյալներ ներկայացնել: Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության կողմից պաշտոնապես հրապարակված հաշվետվության եւ իր ներկայացրած կատարողականի միջեւ առկա որոշ հակասություններին, գլխավոր գանձապետը պարզաբանեց, որ դրանք հետեւանք են արտաբյուջետային միջոցների հաշվառման հետ ծագող խնդիրների: Քանի որ գերատեսչությունների արտաբյուջետային եկամուտների մի մասն ըստ էության հարկային եկամուտ է, ապա դրանք հարկավոր է ներառել հարկային մուտքերի բաժնում:



























