«Արեւելյան գործընկերության»՝ սեպտեմբերին Վարշավայում կայանալիք գագաթաժողովից Հայաստանը դիֆերենցված մոտեցում եւ գնահատականներ է սպասում, եւ դա ոչ այն պատճառով, որ հակառակ դեպքում Երեւանը կդադարեցնի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել. այդ բարեփոխումներն իրականացվելու են, քանի որ առանց դրանց հայկական ուժեղ պետականության զարգացումն ու կայացումը հնարավոր չեն։ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ Երեւանում հուլիսի 28-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում Հայաստանն զգում է Եվրոպայի աջակցության կարիքը։

«Մեծ աջակցությունը ճանապարհ է դեպի մեծ առաջընթաց»,- նկատեց նախագահը։ Լեհաստանի նախագահն իր հերթին հայտարարեց, որ ակնկալում է «Արեւելյան գործընկերությանը» Հայաստանի ակտիվ մասնակցությունը։