Հյուրանոցային, ռեստորանային եւ զբոսաշրջության կարգավորման բնագավառում «Վաթել» միջազգային բիզնես-դպրոցի բացումը տեղի կունենա սեպտեմբերին` Հայաստանում: Այդ մասին հուլիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջության գործակալների հայկական միության ներքին զբոսաշրջության հարցով նախագահ Ռոբերտ Մինասյանը:
«Հուլիսի 11-17-ին ես մասնակցել եմ Փարիզում կայացած «Եվրոդիպ»-ի (ընկերություն, որը միավորում է ավելի քան 150 առաջատար եվրոպական կրթական հաստատություններ եւ կադրեր է պատրաստում զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում) կոնֆերանսին, որի շրջանակներում տեղի ունեցավ հյուրանոցային, ռեստորանային եւ զբոսաշրջության կարգավորման բնագավառում «Վաթել» միջազգային բիզնես-դպրոցի շնորհանդեսի արարողությունը: Մենք ստացել ենք մշտական արտոնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի Կրթության նախարարությունների կողմից: «Վաթելը» դա նոր կրթական համակարգ է: Այդ դպրոցում դասավանդելու են զբոսավարներ, որոնք վերաորակավորում են անցնելու Փարիզում»,-նշել է Մինասյանը:
Նրա խոսքով, բակալավրիատում սովորելու տեւողությունը կազմելու է 4, իսկ մագիստրատուրայում` 2 տարի: Դասընթացները տարվելու են անգլերենով եւ ֆրանսերենով:
Ասուլիսի մասնակիցը հավելել է, որ տեղացի ուսանողների համար կրթավճարը կազմելու է` 2000, ԱՊՀ երկրների ուսանողների համար` 3500, իսկ այլ երկների ուսանողների համար` 4500 եվրո:
«Մենք համագործակցում ենք «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հետ, քանզի այն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք համագործակցելու հայկական այլ հյուրանոցների հետ եւս»,-ասել է Մինասյանը` մեկնաբանելով ապագա ուսանողների փորձաշրջանի հետ կապված հարցը:
Մինասյանը նաեւ հայտնել է, որ այս տարի նախատեսվում է ընդունելություն 15 ուսանողների համար, քանզի կարեւորը որակն է, ոչ թե քանակը:
«Նախատեսվում է բացել ինստիտուտինց կից քոլեջ: Դպրոցի գործունեությունը հնարավորություն կընձեռի նվազեցնել արտագաղթի չափերը եւ ավելացնել աշխատատեղերի քանակը զբոսաշրջության ոլորտում»,-հաղորդել է Մինասյանը:



























