Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր` հուլիսի 29-ին, տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ինչպես NEWS.am –ին տեղեկացրել են նախագահի մամուլի ծառայությունից, մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին եւ ամփոփել արդյունքները:

«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարեւոր է եւ իմաստավորված: Մենք կարող ենք նաեւ  հայ-լեհական երկկողմ  շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է  նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ձեւավորվել են ջերմ հարաբերություններ, եւ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի նախագահին:  Նախագահ Սարգսյանի  խոսքով, մեր երկիրն, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, եւ այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարեւոր է: