ԱՄՀ նախկին ղեկավարի օգտին հանդես է եկել նրա նախկին տնային աշխատողը` Մարի Վիկտորինը: Ֆրանսիական թերթերը մեջբերել են նրա խոսքերը, որտեղ Վիկտորինն ասում է, որ իր խորին համոզմամբ Սթրոս- Կանն ընդունակ չէ բռնաբարության: «Ինձ թվում է, դա պարզապես անհնարին է: Կարծես հիմա բոլորը խոսում են ուրիշ մեկի, ոչ թե այն Դոմինիկի մասին, որին ես ճամաչում եմ: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես Դոմինիկը, դուրս գալով լոգարանից, հարձակվել է կնոջ վրա: Ինձ թվում է, դա սուտ է: Նա երբեք ինձ հետ կոպիտ չի եղել»,-ասել է տիկինը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Սթրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին` Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության կասկածանքով: Մայիսի 19-ին նա հրաժարական էր տվել ԱՄՀ նախագահի պաշտոնից: Հուլիսի 1-ին Նյու Յորքի դատարանը որոշել էր նրան ազատել տնային կալանքից եւ վերադարձրել էր 1 մլն դոլարի գրավը:
Փոխարենը դատախազության մոտ որոշ կասկածներ են ի հայտ եկել Sofitel հյուրանոցի սպասուհու վերաբերյալ:




























