2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների գործով դատախազը միջնորդել է Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարի 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելու եւ խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար։
Արսեն Մկրտչյանի խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Մարդկանց գործողություններն այդ օրվա զանգվածային անկարգությունների չի վերածվել։ Գործով անցնող բոլոր վկաները ցուցմունք են տվել, որ այս անձինք առնչություն չունեն զանգվածային անկարգությունների հետ»։
Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի գործողությունները նաեւ նկարահանվել են. «Զավեշտի հասնող մեղադրանք է»։





























