Գերմանիան կշարունակի ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, թեեւ գրեթե սպառել է զենքի քանակությունը, որը կարող է մատակարարել սեփական պաշարներից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ռազմական տեխնիկա արտադրողներն ասել են, որ կարող են արագ զենք մատակարարել Ուկրաինային, մասնավորապես՝ հակատանկային եւ հակաօդային զենքեր։
«Մենք կտրամադրենք անհրաժեշտ փողերը»,- ասել է Շոլցը: «Նպատակը ուկրաինական բանակը ուժեղացնելն է, որպեսզի այն կարողանա հետ մղել ռուսական գրոհը»։
Հարցին, թե արդյոք Գերմանիան Ուկրաինային ժամանակակից Leopard տանկեր կմատակարարի, նա պատասխանել է, որ Բեռլինը եւ նրա արեւմտյան դաշնակիցները եկել են այն եզրակացության, որ ամենախելամիտը այն զենքի մատակարարումը կլինի, որը ուկրաինացիներն արդեն գիտեն օգտագործել: Նրա խոսքով՝ դաշնակիցները համակարգում են մատակարարումները։





























