Սողոմոնյան կղզիները «լայն բացած աչքերով» է Չինաստանի հետ անվտանգության մասին պայմանագիր ստորագրել, հայտարարել է խաղաղօվկիանոսյան երկրի վարչապետը, չնայած այդ համաձայնագրին ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի խիստ դիմադրությանը, հաղորդում է AFP-ն:

Վարչապետ Մանասիա Սոգավարեն ասել է, որ իր համար «պատիվ եւ արտոնություն» է խորհրդարանին հայտնել, որ համաձայնագիրը «մի քանի օր առաջ» ստորագրվել է Հոնիարայի եւ Պեկինի պաշտոնատար անձանց կողմից:

Գործարքը, որի մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պեկինը, կոշտ քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի կողմից, որոնք մտավախություն ունեն, որ այն կարող է հանգեցնել նրան, որ Չինաստանը ռազմական հենակետ ձեռք կբերի Խաղաղ օվկիանոսի հարավում:

Սոգավարեն ասել է, որ իր կառավարությունը «լայն բացած աչքերով» է ստորագրել համաձայնագիրը, սակայն հրաժարվել է հայտնել, թե երբ ստորագրված տարբերակը կհրապարակվի:

Համաձայնագրի նախագիծը ցնցում էր առաջացրել ողջ տարածաշրջանում, հատկապես այն միջոցները, որոնք թույլ կտան չինական ռազմածովային ուժերին տեղակայվել Սողոմոնյան կղզիներում, որոնք Ավստրալիայից 2000 կիլոմետրից էլ քիչ են հեռու գտնվում:

Նախագծի լայնածավալ ձեւակերպումը Վաշինգտոնից եւ Կանբերայից դիվանագիտական առաջարկների բուռն ալիքի պատճառ է դարձել՝ դրա ստորագրումը կանխելու համար, ներառյալ Ավստրալիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախարարի վերջերս կատարած այցը, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել:

Սողոմոնյան կղզիները եւ Չինաստանը վերջին տարիներին ավելի են մոտեցել՝ Սոգավարեի կառավարությունը 2019թ․ սեպտեմբերին խզել է հարաբերությունները Թայվանի հետ, մի քանի օր առաջ այն բանից, երբ նրա խաղաղօվկիանոսյան հարեւան Կիրիբատին հետեւեց նրա օրինակին՝ ճանաչելով Պեկինը: