Միացյալ Նահանգները հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ այս անգամ ուղղված առանցքային կոմերցիոն բանկին եւ «ավելի քան 40 ֆիզիկական ու իրավաբանական անձանցից կազմված գլոբալ ցանցին, որը գլխավորում է ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեեւը («Ցարգրադ» հեռուստաալիքի սեփականատեր - խմբ.)»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այն ուղղված է նաեւ «վիրտուալ արժույթի ձեռքբերման ոլորտում գործող ռուսական ընկերությունների դեմ, որոնք, ըստ տեղեկությունների, երրորդն են աշխարհում»:

Բացի այդ, Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի 635 քաղաքացիների նկատմամբ, որոնք «մասնակից են Ռուսաստանում եւ արտերկրում այլախոհության ճնշմանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողություններին, ինչպես նաեւ Դոնբասում ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ռուսական շրջանների բանտերում եւ ոչ պաշտոնական կալանքի վայրերում մարդու իրավունքների խախտումներին»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Վիզային սահմանափակումները կանդրադառնան նաեւ 3 ռուս պաշտոնյաների՝ «մարդու իրավունքների կոպիտ խախտումներին ներգրավվածության համար, եւ 17 անձանց՝ Բելառուսում ժողովրդավարությունը խարխլելու համար»:

Պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, Կենտրոնական բանկի փոխնախագահներ Քսենյա Յուդաեւան եւ Միխայիլ Ալեքսեեւը, ԿԲ ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Սիմանովսկին, ինչպես նաեւ ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչյովը։

Ցուցակում ընդգրկված են նաեւ «Օտկրիտիյե» ընկերության ղեկավար Միխայիլ Զադորնովը եւ բանկի հետ կապված մի քանի այլ անձինք՝ խորհրդի փոխնախագահներ Դմիտրի Լեւինը, Վիկտոր Նիկոլաեւը, Տատյանա Նեստերենկոն եւ Նադյա Չերկասովան, դիտորդական խորհրդի անդամներ Անդրեյ Գոլիկովը, Անատոլի Կարաչինսկին եւ այլն։

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ավելացել է գործարար Կոնստանտին Մալոֆեեւի որդին՝ Կիրիլը։

Կազմակերպություններից ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակը համալրել է «Ինվեստտորգբանկը»՝ Ռուսաստանում BitRiver կրիպտոարժույթի տվյալների կենտրոնների խոշորագույն օպերատորներից մեկը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնց ԱՄՆ-ը կապում է Մալոֆեեւի հետ, գրում է Forbes-ը։