ՆԱՏՕ-ի անդամ երկրների թվում կան պետություններ, որոնք կցանկանային, որ «Ուկրաինայում պատերազմը շարունակվի»։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք ցանկանում են, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվի։ Մինչդեռ [Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ] բանակցությունները շարունակվում են»,- ասել է նախարարը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են թուլացնել Ռուսաստանին եւ նրանց չի անհանգստացնում Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Ես անձամբ չէի սպասում, որ իրավիճակը այսքան կերկարի։ Հատկապես Ստամբուլի հանդիպումից հետո։ Բայց ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ն արդեն ինքն է պարզել, որ իրավիճակը կերկարի»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մոտ օրերս հեռախոսազրույցներ կունենա Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջիկա օրերին նախագահը բանակցություններ կվարի երկու երկրների ղեկավարների հետ։ Այսօր ես բանակցություններ եմ ունեցել Լավրովի, երեկ՝ Կուլեբայի հետ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք»: «Նախագահը ակտիվ կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ։ Կոչ է անում նրանց հնարավորինս շուտ կազմակերպել իրենց հանդիպումը՝ արագ կայուն հրադադարի հասնելու համար»,- ասել է Չավուշօղլուն։ «Այժմ դժվար է խոսել հանդիպման ժամկետների մասին, բայց մենք իսկապես հույս ունենք, որ դա տեղի կունենա շատ շուտով»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Պուտինն ու Զելենսկին ցանկացած պահի կարող են հանդիպել։ «Եթե հանդիպումը կայանա, ապա այն կարող է Ստամբուլում կամ Անթալիայում անցկացվել»։