Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի օրինակով Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գալուն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավոր դառնալուն։ Բայց ուկրաինական կողմը երաշխիք է պահանջում ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի օրինակով։ Ե՛վ ԱՄՆ-ը, եւ՛ Մեծ Բրիտանիան, նաեւ մենք դեմ ենք դրան: Պետք է հասկանալ բուն գործընթացը, ինչ են իրենցից ներկայացնում այդ երաշխիքները, ինչպիսին կլինեն պահանջները։ Անհրաժեշտ է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում, ի թիվս այլ բաների, ասվում է, որ «Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում նրանցից մեկի (անդամի-խմբ.) կամ մի քանիսի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ընդհանուր առմամբ նրանց վրա»:





























