«Ի՞նչ սահմաններ են ի վերջո բացվելու. մեր երկրի մի մասից թույլ են տալու մտնել մեր երկրի մյու՞ս հատվածը։ Այլ խոսքով, սահմանը մեր երկրի մեջտեղում է եղել, եւ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ։ Թուրքերը դեռեւս շատ հեռու են քաղաքակիրթ լինելուց, նրանց հետ դիվանագիտական կապերի ստեղծելը անհնարին է, նրանք շատերին կարող են խաբել։ Նրանց հետ պետք է կարճ եւ կոնկրետ խոսել. ի՞նչ եք անում դուք այսօր մեր դեմ, ի՞նչ եք սովորեցնում ձեր դպրոցներում՝ ատել հայերին եւ անհանդուրժողաբա՞ր վերաբերվել նրանց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ եք սերնդեսերունդ փոխանցում երիտթուրքերի ատելությունը հայերի նկատմամբ։ Կառուցելո՞ւ ենք նորմալ հարաբերություններ, թե՞ աշխարհի աչքին թոզ ենք փչելու»,- ԼՂՀ հանրային հեռուստատեսության եթերում նման մտքեր է արտահայտել դերասան Սոս Սարգսյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար չի տեսնում։

Նա նշել է, թե «մեր ազգային շահերն ավելի կարեւոր են, քան այլ հարցեր»։ «Մենք պետք է աչալուրջ լինենք, ինքներս պետք է կերտենք մեր ճակատագիրը եւ թույլ չտանք, որ ուրիշներն ինչ-որ բան թելադրեն մեզ։ Ինչո՞ւ են թուրքերն այսօր մեզ ավելի շատ ատում, քան այն ժամանակ։ Որովհետեւ մենք նրանց գազանության վկան ենք։ Մեր հանդեպ նրանց ատելությունը երբեք չի վերջանա»,- նշել է դերասանը։

Բացի այդ, Սոս Սարգսյանը ընգգծել է Սփյուռքի կարծիքը հաշվի առնելու փաստը։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ դերասանը նշել է, որ «արյունով գրավածը չի վերադարձվում, առավել եւս, որ այն մերն է»։ «Արցախը մեր սրբությունն է, իսկ ղարաբաղյան պայքարը՝ համայն հայության հոգեւոր վերածնունդը»,- նշել է Սոս Սարգսյանը։