ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որն ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա՝ բանակցելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեքշաբթի՝ ապրիլի 26-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար Մոսկվա է ժամանելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Նրան կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Գուտերիշի գրասենյակից հաստատել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 25-ին Մոսկվա կժամանի, որպեսզի հանդիպի Լավրովի եւ Պուտինի հետ: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 25-ին կայցելի Ռուսաստան: Անտոնիու Գուտերիշն աշխատանքային հանդիպում կանցկացնի ԱԳ նախարար Լավրովի հետ: Գլխավոր քարտուղարին կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- հայտնել են ՄԱԿ-ից:
Գլխավոր քարտուղարը ցանկանում է Մոսկվայում քննարկել Ուկրաինայում հրադադարի հաստատմանն ուղղված քայլերը:
Ապրիլի 19-ին Գուտերիշը նամակներ է ուղղել ՄԱԿ-ում Ռուսաստանի եւ Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններ՝ երկու երկրի ղեկավարներին խնդրելով ընդունել իրեն իրենց մայրաքաղաքներում:




























