ԱՄՆ-ը Թուրքիայի բնական գազի երկրորդ մատակարարն է դարձել Ռուսաստանից հետո, Al-Monitor լրատվական կայքի համար հոդվածում ասել է անկախ լրագրող Դեյվիդ Օ՛Բիրնը։
Անցյալ տարի Ռուսաստանը ապահովել է երկրի գազի ընդհանուր կարիքների մոտ 44 տոկոսը, բայց կարծես թե քչերն են տեղյակ, որ ԱՄՆ-ն մեծացրել է իր մասնաբաժինը՝ ձմեռը գազի բարձր կարիքները հոգալու համար: ԱՄՆ-ին բաժին է ընկել հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում թուրքական գազի ներկրման 17.4 տոկոսը, վկայում են Թուրքիայի էներգետիկայի բարձրագույն կարգավորիչի տվյալները: Այդպես, նրանք առաջ են անցել Ադրբեջանից 12.9 տոկոսով, Իրանից՝ 11.9 տոկոսով։
«Բնական գազի համաշխարհային շուկայում լուրջ վերաբաշխում է տեղի ունեցել։ Եվրոպան ընդհանուր ավելի շատ գազ է ստանում ԱՄՆ-ից, եւ Թուրքիան դրա մի մասն է»,- ասել է Ստամբուլում գործող IBS խորհրդատվական ընկերության ղեկավար Դեյվիդ Թոնգեն: Այդ վերաբաշխումը նշանակում է, որ Կատարը, որը նախկինում Թուրքիայի հիմնական ՀԲԳ մատակարարն էր, այժմ մատակարարում է իր գազի մեծ մասը Հարավային Ասիա եւ Հեռավոր Արեւելք, ասել է նա: Ընդ որում, չի կարելի ասել, որ ԱՄՆ-ի ՀԲԳ մատակարարողներն աստղաբաշխական շահույթներ են ստանում Թուրքիայում գազի գնի կտրուկ բարձրացումից հետո։ Թուրքական խողովակաշարային ընկերությունը եւ գազ ներկրող Botaş-ը ՀԲԳ-ն գնում է հիմնականում մեծածախ վաճառողներից մրցույթների միջոցով, ինչպիսիք են BP-ն, Shell-ը, Vitol-ը եւ Total-ը, որոնք երկարաժամկետ պայմանագրեր ունեն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում արտադրողների հետ:
«Հենց այդ մեծածախ ընկերություններն են հսկայական շահույթներ ստանում, ոչ թե՝ ամերիկյան արտադրողները,- ասել է Թոնգը:- Գլոբալ ՀԲԳ արտադրությունն աշխատում է գրեթե ամբողջ հզորությամբ, եւ մինչեւ 2025-ը ոչ մի խոշոր նոր արտադրական գիծ չի գործարկվի»,- ասել է Թոնգեն՝ նշելով, որ եթե պահանջարկը աճի, գները կարող են միայն աճել:
Թուրքիան, որը զգալի չափով սուբսիդավորում է գազի գինը, պետք է արագ այլընտրանք գտնի ՀԲԳ-ին։
«ՀԲԳ-ի փոխարեն գոյություն ունեցող խողովակաշարերի միջոցով Թուրքիա ավելի շատ գազ մատակարարելու համար մի քանի տարբերակ կա»,- ասել է էներգետիկ վերլուծաբան եւ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Ջոն Ռոբերթսը: Ադրբեջանից եւ Իրանից Թուրքիա բնական գազ մատակարարող խողովակաշարերում զգալի պահեստային հզորություններ կան, ինչպես նաեւ՝ հսկայական պաշարներ Թուրքմենստանում։
Նրա խոսքով՝ առանցքային կլինի դեկտեմբերին Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ ստորագրված գազի փոխանակման եռակողմ համաձայնագիրը, որը կօգնի Ադրբեջանին բավարարել աճող ներքին պահանջարկը՝ առանց արտահանման կրճատման: Նա հավելել է, որ գործարքի՝ տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազի փոխարեն տարեկան 5-6 միլիարդ խորանարդ մետրով ընդլայնումը Թուրքիայի համար լրացուցիչ գազ կապահովի:
Ռոբերթսի խոսքով՝ Թուրքմենստանը կարող է նաեւ Իրանի տարածքով բնական գազ արտահանել Թուրքիա, ինչը Թեհրանից եւ Աշխաբադից առանձին տարանցման համաձայնագրի ստորագրում կպահանջի:




























