Ճապոնիան պատրաստել է 103 միլիարդ դոլար արժողությամբ շտապ օգնության փաթեթ՝ հումքի գների աճից տնտեսական հարվածը մեղմելու համար, եւ այս տարվա վերջին պլանավորում է հետագա քայլեր՝ երկարաժամկետ բարեփոխումներն առաջ մղելու համար: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Reuters-ը։
13,2 տրիլիոն իեն (103 միլիարդ դոլար) օգնության փաթեթը, որը հիմնականում կֆինանսավորվի ընթացիկ տարվա բյուջեի հատկացրած պահուստներից, բաղկացած կլինի գների աճի անմիջական ազդեցություններին ուղղված քայլերից, ինչպիսիք են բենզինի մեծածախ վաճառողներին սուբսիդիաների եւ երեխաներով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին դրամական վճարումների տրամադրումը։
Ընդհանուր գումարից ուղղակի պետական ծախսերը կկազմեն 6,2 տրիլիոն իեն։ Մնացածը կլինեն անուղղակի ծախսերը, ինչպիսին է մասնավոր հատվածի վարկավորումը:
Կիսիդայի խոսքով՝ կառավարությունը կկազմի հավելյալ բյուջե եւ այն կանցկացնի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանով, որպեսզի համալրի պահուստները եւ միջոցներ ապահովի COVID-19-ով վարակների ցանկացած բռնկման կամ վառելիքի գների երկարատեւ աճի դեմ պայքարելու համար:
«Մենք չպետք է թույլ տանք, որ վառելիքի եւ հումքի գների աճը խոչընդոտի համավարակից հետո տնտեսական եւ սոցիալական ակտիվության վերականգնմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Կիսիդան:





























