BMW-ն եւ Volkswagen-ին պատկանող Audi ապրանքանիշը դադարեցրել են երկաթուղային ճանապարհով ավտոմեքենաների մատակարարումները Գերմանիայից Չինաստան՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով, հայտնում է Reuters-ը։
Թեեւ երկու ավտոարտադրողներն էլ իրենց մեքենաների մեծ մասն արտադրում են Չինաստանում՝ աշխարհի ամենամեծ ավտոշուկայում, որոշակի մասնաբաժին ներկրվում է Եվրոպայից երկաթուղով կամ ծովով:
Անցյալ տարի BMW-ն չինացի գնորդներին մատակարարել է 846,237 BMW եւ MINI ավտոմեքենա, իսկ Audi-ն՝ 701,289 ավտոմեքենա:
«BMW-ն պատերազմի սկսվելուց անմիջապես հետո դադարեցրել է բոլոր երկաթուղային փոխադրումները Ռուսաստանի տարածքով։ Չինաստան արտահանումը սովորաբար իրականացվում է ծովային ճանապարհով»,- ասել է BMW-ի ներկայացուցիչը։
Audi-ն նաեւ նախապես դադարեցրել է երկաթուղային փոխադրումները դեպի Չինաստան եւ Չինաստանից դեպի Ռուսաստան՝ Տրանսսիբիրյան երկաթուղով: «Ներկայումս ուսումնասիրում ենք, թե հնարավոր կլինի արդյոք մոտ ապագայում երկաթուղային փոխադրումները հարավային երթուղով»:
Մարտին Audi-ն հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմի պատճառով ճշգրտում է արտադրական գործունեությունը իր հունգարական գործարանում, որին բաժին է ընկնում երկրի արտահանման մեծ մասը:





























