Ուկրաինայում պատերազմը ծանր հարված է հասցրել ապրանքային շուկաներին՝ փոխելով առեւտրի, արտադրության եւ սպառման գլոբալ մոդելները, որ գները մինչեւ 2024 թվականի վերջը կմնան պատմականորեն բարձր մակարդակում, ասվում է Համաշխարհային բանկի «Ապրանքահումքային շուկաների հեռանկարները» վերջին զեկույցում:

Էներգակիրների գների աճը վերջին երկու տարում ամենանշանակալին է եղել 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո։ Պարենային ապրանքների գների աճը, որոնց հիմնական արտադրողներն են Ռուսաստանը եւ Ուկրաինան, ինչպես նաեւ պարարտանյութերի, որոնց արտադրության մեջ օգտագործվում է բնական գազ, ամենաէականն են եղել 2008 թվականից։

«Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք ապրել ենք 1970-ականներից: Ինչպես եւ այն ժամանակ, ցնցումը խորանում է սննդամթերքի, վառելիքի եւ պարարտանյութերի առեւտրի սահմանափակումների կտրուկ աճով»,- հայտարարել է Համաշխարհային բանկի արդար աճի, ֆինանսների եւ հաստատությունների գծով փոխնախագահ Ինդերմիտ Գիլը: «Այս իրադարձությունները սկսել են ստագֆլյացիայի ուրվական առաջացնել։ Քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները, որպեսզի խթանեն ներքին տնտեսական աճը եւ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել համաշխարհային տնտեսությանը»:

Ակնկալվում է, որ 2022 թվականին էներգիայի գները կբարձրանան ավելի քան 50 տոկոսով, իսկ 2023-ին եւ 2024-ին դրանք կնվազեն: Կանխատեսվում է, որ ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների եւ մետաղների գները 2022 թվականին կաճեն գրեթե 20 տոկոսով, ինչպես նաեւ կդանդաղեն հետագա տարիներին։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ հումքային ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան միջին ցուցանիշներն են վերջին հինգ տարիների ընթացքում: Երկարատեւ պատերազմի կամ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման դեպքում գների մակարդակը եւ դրանց անկայունությունը կարող են նույնիսկ ավելի բարձր լինել, քան ներկայումս կանխատեսվում է։

Պատերազմի հետեւանքով առաջացած առեւտրի եւ արդյունահանման խափանումների հետ կապված՝ ակնկալվում է, որ 2022 թվականին Brent տեսակի նավթը կկազմի միջինը 100 դոլար մեկ բարելի դիմաց, սա ամենաբարձր մակարդակն է 2013 թվականից եւ 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան 40 տոկոսով։ Ակնկալվում է, որ 2023 թվականին գները կնվազեն մինչեւ 92 դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է հնգամյա միջինը՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց: Ակնկալվում է, որ բնական գազի գները (Եվրոպայում) 2022 թվականին երկու անգամ ավելի բարձր կլինեն, քան 2021 թվականին, իսկ ածխի գները կբարձրանան 80 տոկոսով, ընդ որում երկու գները կհասնեն պատմական առավելագույնին:

Կանխատեսվում է, որ ցորենի գները կբարձրանան ավելի քան 40 տոկոսով, այս տարի անվանական արտահայտությամբ ռեկորդային մակարդակի հասնելով: Դա ճնշում կգործադրի զարգացող տնտեսությունների վրա, որոնք կախված են հացահատիկի ներմուծումից, հատկապես Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Կանխատեսվում է, որ 2022 թվականին մետաղների գները կաճեն 16 տոկոսով, այնուհետեւ 2023 թվականին կնվազեն, բայց կշարունակեն բարձր մնալ։

«Հումքի շուկաները գտնվում են հսկայական ճնշման տակ, քանի որ որոշ ապրանքների գները անվանական արտահայտությամբ հասել են ռեկորդային բարձր մակարդակի»,- հայտարարել է Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի ավագ տնտեսագետ Ջոն Բաֆեսը: «Սա կունենա երկարաժամկետ հետեւանքներ՝ «դոմինոյի էֆեկտի» տեսքով։

Արտադրական պաշարների, օրինակ, էներգիայի եւ պարարտանյութերի գների կտրուկ աճը կարող է հանգեցնել սննդամթերքի արտադրության նվազման, հատկապես զարգացող երկրներում։ Արտադրական ռեսուրսների ավելի ցածր օգտագործումը կազդի սննդի արտադրության եւ որակի վրա, ինչը կանդրադառնա սննդամթերքի հասանելիության, գյուղական բնակչության եկամուտների եւ աղքատների խավերի գոյության միջոցների վրա»: