Ֆիլիպ Կոտլերը Հայաստանը մարքետթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն է դիտարկում: Մարքեթինգի, որպես առանձին գիտության կայացման մեջ անգնահատելի ներդրում ունեցած համաշխարհային մեծություն համարվող Ֆիլիպ Կոտլերի հայաստանյան այցից հետո Հայաստանում մարքեթինգի եւ մենեջմենթի կենտրոն է բացվելու:

Այցի շրջանակում Կոտլերը Հայաստանում անձամբ կներկայացնի մարքեթինգի իր նոր տեսությունը՝ 3.0 կոնցեպցիան: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ Կոտլերի այցելության շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ ցուցահանդեսներ, մրցանակաբաշխություն եւ սեմինարների շարք, որը կանցկացնի հենց Ֆիլիպ Կոտլերը:

«Կոտլերի հայաստանյան այցելության շուրջ լուրջ հետաքրքրություն է առաջացել ողջ տարածաշրջանում, մեծ ակտիվություն է դրսեւորում Իրանը, Թուրքիայի եւ Վրաստանի մասնագետները եւս ցանկանում են մասնակցել սեմինարներին, հնարավոր է նաեւ այցելեն Ուկրաինայից»,- նշեց Սարգսյանը:

«Մասնակիցների թիվը կլինի մոտ երկու հազար: Այնպիսի համաշխարհային մեծություն, ինչպիսին Կոտլերն է իր այցելությամբ մեծ աշխուժություն է առաջացրել տարածաշրջանում, իսկ Հայաստանի ղեկավարությունն՝ ի դեմս նախագահի, իր աջակցությունն է հայտնել Կոտլերի այցի կապակցությամբ»,- ասաց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ հնարավոր է առանձին սեմինար կազմակերպվի նաեւ պետական պաշտոնյաների համար:

«Բանգլադեշ այցելության շրջանակում նման սեմինար էր կազմակերպվել, որտեղ ներկա էր երկրի ողջ կառավարությունը: Այդ սեմինարում Կոտլերը ներկայացրեց իր նոր մարքեթինգային կոնցեպցիան:

Պետք է ասել, որ նոր կոնցեպցիայով նա մի շարք դրույթներ է հերքում, որոնք առաջարկում էր նախորդ հայեցակարգերում:

Դա հատուկ է Կոտլերին, ով երբեք չի խուսափում նորարարությունից, եւ նշում, որ մարքեթինգը պետք է անընդհատ ադապտացվի փոխվող աշխարհին»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ Կոտլերի հայաստանյան այցը կտեւի նոյեմբերի 7-12-ը: Մարքեթինգի կենդանի դասական համարվող Ֆիլիպ Կոտլերը, բացի մի շարք միջոցառումներին մասնակցելուց, 4 սեմինարներ կանցկացնի ուսանողների, գործարարներ, ղեկավար անձանց համար: