ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանումյանը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը բլեֆ է համարում: Այս մասին նա հայտարարել է ՀԱԿ-ի այսօրվա` օգոստոսի 2-ի հանրահավաքում:

«Աշխարհի ոչ մի երկրում 40 աստիճան տաքության ժամանակ այսքան մարդ չի հավաքվել, հատկապես, հաշվի առնելով, որ երկխոսող իշխանությունը փակել է ճանապարհները: Խղճալ է պետք իրենց, ուրիշ ոչինչ: Ես համոզվում եմ` երկխոսությունը բլեֆ է: Ես սպասում եմ սեպտեմբերին: Իմ ընկերները միգուցե քննադատեն ինձ, բայց ես գիտեմ, իրենց միակ զգայարանը վախն է»,- ասել է նա:

«Մենք 3 տարի դիմացել եմ ցրտին, շոգին, լկտիություններին, հետապնդումներին:

Այն պահից, երբ իշխանությունը իր աստվածը դարձրեց փողը եւ սկսեց ծառայել փողին, նա կանգնած է կործանման ճանապարհին: Մեր խնդիրն է, ծանր պատասխանատվությունը մեր ուսերին, ստանձնել երկրի իշխանությունը: Այն իշխանությունը, որը ծրագրված ձեւով դատարկում է երկիրը, իրավունք չունի մնալու երկրի ղեկին»,- նշել է ՀՀՇ վարչության նախագահն ու հավելել. «Անցած վեց ամսում Հայաստանը լքել է 90 հազարը:

Մարտի 1-ից հետո Հայաստանը լքել է մոտ 400 հազար մարդ: Սա ցեղասպանություն է: Բելգիա ամեն տարի մոտ 1400 հայ է դիմում քաղաքացիություն ստանալու համար: Եւ բոլոր երկրներում նույն վիճակն է: Եւ այս կեղծավորները անգամ այս թվերն են թաքցնում»:

Արամ Մանուկյանի ներկայացմամբ, «եթե մենք այս խնդիրը չլուծեցինք, կործանվելու ենք»: «Եթե ՀԱԿ-ը չլուծեց, ոչ միայն ինքն է կործանվելու, այլեւ Հայաստանը: Գալիս է սեպտեմբերը, եւ մենք հասնելու ենք հաջողության»,- իր խոսքն ամփոփել է ընդդիմադիր գործիչը: